Շարադրության մրցույթ "Հայոց 130-րդ հայրապետը"
Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով Գեղարքունյաց թեմը եւ մարզպետարանն այս տարվա համար կազմել են տոնակատարությունների եւ միջոցառումների համատեղ ծրագիր, որի շրջանակներում ընդգրկված էր մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում անցկացնել շարադրության մրցույթ "Հայոց 130-րդ հայրապետը" խորագրով: Ամփոփելով արդյունքներն ընտրվեցին 13 լավագույն աշխատանքներ: Գեղարքունյաց թեմի եւ մարզպետարանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին բոլոր մասնակիցները եւ դասավանդող ուսուցիչները հրավիրվեցին մարզկենտրոն պարգեւատրման համար: Մասնակիցները հավաքվեցին Գավառի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, որտեղ առաջնորդ Սրբազան Հոր հանդիսապետությամբ կատարվեց աշակերտների մասնավոր օրհնության արարողություն: Այնուհետեւ Գավառի երաժշտական դպրոցում մշակութային ցերեկույթից հետո հաղթողները հանդիսավոր կերպով պարգեւատրվեցին Գեղարքունիքի մարզպետի եւ թեմի առաջնորդի կողմից սահմանված պատվոգրերով եւ նվերներով:
Հանդիսություններին ներկա էին Գեղարքունիքի մարզպետ պրն. Ն. Պողոսյանը, մարզային եւ քաղաքային իշխանությանց ներկայացուցիչներ, թեմի հոգեւոր սպասավորներ, երիտասարդաց միության անդամներ եւ բազում հավատավոր հայորդիք:
Գեղարքունյաց թեմի մամլո ծառայություն